BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Աշխարհի գլխավոր 10 ռիսկերը 2018-ին

Աշխարհի գլխավոր 10 ռիսկերը 2018-ին
04.01.2018 | 16:19

Շուկաները մեծանում են, բայց զարգացած ու զարգացող երկրներում քաղաքացիական տարաձայնությունները ուժեղանում են։ Լիբերալ ժողովրդավարությունը այսօր նվազ լեգիտիմ է, քան եղել է երբևէ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Վերջին 20 տարիներին միջազգային քաղաքականության մեջ շատ ցնցումներ ու ճգնաժամեր են եղել, 2018-ին կարող է ձևավորվել առանձնահատուկ իրավիճակ` անսպասելի ճգնաժամով։ Աշխարհաքաղաքական դեպրեսիան 2018-ի գլխավոր 10 ռիսկերի հող կարող է դառնալ` ըստ Eurasia Group-ի ուսումնասիրության:


1. Չինաստանի ազդեցության աճը
Վաշինգտոնում չկա համաձայնեցված ու հետևողական քաղաքականություն, իսկ Չինաստանի կառավարությունը վերանայել է երկրի գոյության արտաքին պայմանները և նոր կանոններ սահմանել, մշակել առավել արդյունավետ գլոբալ առևտրա-ներդրումային ռազմավարություն ու օգտագործում է չինական տեխնոլոգիական ընկերությունները պետական շահերն առաջ տանելու համար։ Պեկինը ներդրումներ է անում ու ընդլայնում է իր ազդեցությունը` խոստանալով չխառնվել այլ երկրների քաղաքական ու տնտեսական կյանքին, որ հիմա ավելի հակված են միանալ Չինաստանին, աջակցել ու նմանակել։ Գլոբալ բիզնես-միջավայրը պետք է հարմարվի նոր պայմաններին, չափանիշներին ու մեթոդներին։ 2018-ին առավել հավանական է ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտը` հատկապես առևտրի ասպարեզում։


2. Աղետալից միջադեպերի հնարավորությունը
Սեպտեմբերի 11-ից հետո լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամ չի եղել, բայց այսօր շատ ոլորտներ կան, որտեղ սխալ գործողությունները կամ դատողությունները կարող են լուրջ միջազգային կոնֆլիկտներ սադրել։ Միջադեպերի ռիսկը մեծ է կիբեռտարածքում մրցակցության ու կոնֆլիկտների առումով, Հյուսիսային Կորեայի շուրջ պայքարի, Սիրիայում մարտադաշտում սխալ հաշվարկների, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի լարված հարաբերությունների, Սիրիայից ու Իրաքից ԻՊ-ի զինյալների աշխարհով տարածվելու սպառնալիքների պայմաններում։


3. Տեխնոլոգիական սառը պատերազմ
Աշխարհում ամենադաժան պայքարը տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսական ազդեցության կենտրոնների համար է։ ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցակցելու են արհեստական ինտելեկտի ու սուպերհամակարգչային տեխնիկայի առաջատարության, շուկայում գերակա դիրքերի համար։ Աֆրիկայի երկրների, Հնդկաստանի, Բրազիլիայի ու նույնիսկ եվրոպական երկրների իշխանությունները պետք է վճռեն` ում վստահել և ում արտադրանքն ու ստանդարտները ընդունել։ Տեխնոլոգիաների ընդհանուր շուկայի հատվածավորումը ստեղծում է և շուկայական ռիսկեր, և տեղեկատվական անվտանգության խախտումների ռիսկեր` հատկապես երբ հայրենական ընկերությունները պայքարում են գլոբալ վիրուսների դեմ։


4. Մեքսիկական գործոն
2018-ը վճռորոշ է Մեքսիկայի համար, երբ ազատ առևտրի Հյուսիսամերիկյան համաձայնագրի վերանայման բանակցությունները ճգնաժամային վիճակում են, իսկ երկրում նոր նախագահ է ընտրվում։ NAFTA-ի բանակցությունների ձախողումը չի նշանակում համաձայնագրի կասեցում, բայց ապագայի անորոշությունը բացասաբար է ազդում մեքսիկական տնտեսության վրա` հաշվի առնելով երկրի կախումը ԱՄՆ-ի հետ առևտրից։ Նախագահական ընտրությունները հուլիսի 1-ին են, կոռուպցիոն սկանդալների, նարկոկարտելների ու տնտեսական դանդաղ աճի պատճառով ուժեղանում է հասարակական դժգոհությունն իշխանություններից։ Փոփոխությունների անհրաժեշտությունը փաստարկ է հօգուտ Անդրես Աբրադորի, որ կողմնակից է ներդրումների համար բարենպաստ տնտեսական քաղաքականությունից սկզբունքային հրաժարումի։


5. Լարված հարաբերություններ ԱՄՆ-ի ու Իրանի միջև
Դոնալդ Թրամփը հակակրանք ունի Իրանի նկատմամբ։ 2018-ին միջուկային գործարքը գուցե ուժի մեջ մնա, բայց մեծ է հավանականությունը, որ կարող է և խզվել: Թրամփն աջակցելու է Սաուդյան Արաբիային և վարելու է Իրանի զսպման քաղաքականություն Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Եմենում։ ԱՄՆ-ը Իրանի առնչությամբ առավել հաճախ է կիրառելու պատժամիջոցներ` բալիստիկ հրթիռների փորձարկման, ահաբեկչությանը ենթադրյալ աջակցության ու մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Իրանը դիմադրելու է։ Եթե միջուկային գործարքը ձախողվի, Իրանը կարագացնի իր միջուկային ծրագիրը և տարածաշրջանում նորից կծագի ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարվածների սպառնալիքը։


6. Ինստիտուտների թուլացումը
Կառավարությունները, քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ները, դատարանները և ֆինանսական կառույցները, որ ապահովում ու աջակցում են խաղաղությանն ու բարգավաճմանը, շարունակում են կորցնել հասարակության վստահությունը, որից կախված է իրենց լեգիտիմությունը։ 2018-ին պոպուլիզմը, որ դրսևորվեց բրեկզիտի ու Դոնալդ Թրամփի ընտության ժամանակ, ազդակ կդառնա վտանգավոր հականոմենկլատուրային պոպուլիզմի զարգացող երկրներում։


7. Նեոհովանավորչություն
Իստեբլիշմենտի դեմ շարժման ակտիվացման արդյունքում զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում քաղաքական գործիչները ստիպված են փոխել գլոբալ տնտեսական մրցակցությանն իրենց վերաբերմունքը` նրանք անզիջում դիրքերում են` կիրառելով հակառակորդի հյուծման քաղաքականություն։ Ի հետևանս մեծանում են մեկուսացումը և խորթացումը։ Նեոհովանավորչությունը արգելքներ է ստեղծում ոչ միայն վերամշակող արդյունաբերության ու գյուղատնտեսության համար, այլև թվային տնտեսության ու իննովացիոն ոլորտներում։ Նոր խոչընդոտները նվազ նկատելի են` առևտրական տուրքերի ու քվոտաների փոխարեն այսօր առավել նախընտրելի են ՙներերկրային» սահմանափակումները` ֆինանսական օգնության ծրագրերը, լրավճարները, սուբսիդիաները և «տեղական արտադրանքը գնելու» պահանջները։


8. Տարաձայնություններ Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում լուրջ դժվարություններ կան և ԵՄ-ից դուրս գալու ծանր բանակցությունների պատճառով, և ներքաղաքական ճգնաժամի մեծ ռիսկի։ Բրեկզիտի դեպքում` ՙՔանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքը մանրուքների համար անվերջանալի վեճերի պատճառ է լինելու և երկու կողմերի, և կողմերից յուրաքանչյուրի համար։ Բրեկզիտի գործընթացը կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականին։ Եթե իրադարձություններն այդ ընթացքն ունենան, Թերեզա Մեյին կփոխարինի պահպանողական գործիչ, որ ավելի կոշտ դիրքորոշում ունի և դա առավել կդժավարացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառումը։ Կամ նոր ընտրություններից հետո Թերեզա Մեյին կհաջորդի լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը։


9. Նույնականացման քաղաքականություն Հարավային Ասիայում
Հարավ-արևելյան Ասիայի որոշ հատվածներում իսլամիզմը պոպուլիզմի տեղական դրսևորումների աղբյուր է, որ առավել տեսանելի է Ինդոնեզիայում ու Մալայզիայում։ Էթնիկ չինացիների դժգոհությունը, որ մի քանի երկրներում անհամաչափ շատ հարստության տեր են, կտրուկ մեծացել է, հատկապես` Ինդոնեզիայում։ Ռոխինյաների մուսուլման փոքրամասնության հետապնդումները Մյանմայում մարդասիրական ճգնաժամ հարուցեցին։ Հնդկաստանում 2019-ի ընտրությունների նախօրեին վարչապետ Նարենդրա Մոդին իր աջակցությունն ամրապնդելու համար կարող է օգտագործել ազգայնականությունը` ծածկելով հասարակության արմատական հատվածին, որ ձգտում է հարվածն ուղղել մուսուլմանների ու ստոին կաստաների հնդիկների վրա։


10. Աֆրիկայի անվտանգությունը
2018-ին Աֆրիկայի ծայրամասերի (Մալի, Հարավային Սուդան, Սոմալի) ապակայունացման բացասական հետևանքները կտարածվեն հիմնական երկրների վրա (Կոտ-դ'Իվուար, Նիգերիա, Քենիա, Եթովպիա)։ Հիմնական սպառնալիքը ռազմատենչությունն ու ահաբեկչությունն է։ Արտասահմանյան գործընկերները, որ անցյալում օգնել են կայունացնել թույլ պետությունները, այսօր կորցրել են ուղենիշը։ Քենիան, Նիգերիան, ՈՒգանդան ու Եթովպիան բախվում են անվտանգությանն առավել շատ միջոցներ հատկացնելու անհրաժեշտությանը, երբ կառավարությունները պետք է կրճատեն ծախսերը, իսկ ահաբեկչությունները կարող են բացասաբար ազդել արտասահմանյան ներդրումների վրա։
Շեղող պահեր կամ անէական ռիսկեր
Թրամփի քննադատվող վարչակազմն առանձնահատուկ հնարավորություններ չունի օրինական ուժ տալ ապակայունացնող կամ որևէ այլ քաղաքականության։ Եվրագոտին 2018-ին կհրաժարվի քաղաքական ռիսկերից։ Վենեսուելայի քաղաքական կոնֆլիկտը, կարծես, սառեցվեց` նախագահ Մադուրոն զարմանալիորեն դիմացկուն դուրս եկավ։
Յան ԲՐԵՄԵՐ, Time, США


Հ.Գ. Սա, իհարկե, 2018-ի ռիսկերի ամբողջական ցանկը չէ: ՈՒսումնասիրությունն արվել շատ ավելի վաղ, քան ծագեց Իրանի ճգնաժամը։ Շատ հպանցիկ հայացք է նետված Մերձավոր Արևելքին և բնավ հիշատակված չէ քրդական գործոնը։ Մինչդեռ 2017-ին չլուծված հարցերը 2018-ին հիշեցնելու են իրենց գոյությունը։ Իսկ դա նշանակում է` Սիրիայի ճգնաժամի քաղաքական հաղթահարում և բանակցություններ, որոնց մասնակցության վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը: Հավելեք 2018-ի նախագահական ընտրություններն Ադրբեջանում և 2019-ինը Թուրքիայում ու կստանաք տարածաշրջանային շահերի և ներքաղաքական իրավիճակի շահեկան համադրման անհրաժեշտությունը, որը բարդ խնդիր է: Տարին դեռ ունի 361 օր և կմատուցի իր լավ ու վատ անակնկալները բոլորին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ